Հայաստանում ձեւավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր եւ հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ 15-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական եւ քաղաքացիական այն դաշտը, որն արտացոլում է երկրում առկա միտումների, գաղափարների ու դրանք կրող կուսակցությունների ազատ մրցակցությունը: «Ձեւավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր եւ հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Այս իրողությունն օբյեկտիվորեն համախմբում է պարտադրում մեզ եւ, անկեղծ ասած, համախմբման էլ հասցնում է: Դա ճիշտ է եւ՛ ընդդիմադիր ուժերի, եւ՛ իշխող կուսակցության դեպքում: Եվ սա լրջագույն ձեռքբերում է ժամանակակից պետություն կառուցելու մեր որդեգրած ճանապարհին»:

«Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձեւավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:

Իշխող քաղաքական ուժը եւ ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը. անհրաժեշտ է եւ՛ աջը, եւ՛ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ»,- նշել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով, Հանրապետականը նման հեռանկար մեր պետության համար թույլ չի տա: «Հանրապետականը շարունակելու է ամրապնդել իր տեղն ու դերակատարությունը մեր երկրում, սակայն դա չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին: Ավելին, Հանրապետականը խրախուսելու է նաեւ այլ քաղաքական դերակատարների համախմբումը՝ քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են:

Եվ որպեսզի քաղաքական դաշտն անընդհատ ամրապնդվի ու կայուն զարգանա, մենք շարունակելու ենք այն առողջացնել՝ ձերբազատվելով մաղձից, ատելությունից եւ կասկածամտությունից: Մեր քաղաքականությունը կառուցելու ենք կոռեկտության եւ հարգանքի հիմքի վրա՝ ակնկալելով այլ քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը»,- ասել է Սարգսյանը: