Փակ շուկայի շենքում այսօր` մայիսի 24-ին, պայթուցիկ նյութի առկայության ահազանգը կեղծ էր: NEWS.am թղթակիցը հաղորդում է, որ ահազանգից երկու ժամ անց՝ 12։30-ի մոտ, Փակ շուկայի տարածքից հեռացան հրշեջ մեքենաները, ոստիկանության աշխատակիցները, Փակ շուկայի աշխատակիցները մտան շենք, չնայած, նրանց խոսքով, ոչ ոք իրենց չէր տեղեկացրել, որ ահազանգը կեղծ է, և կարող են շարունակել աշխատանքը, իրեն ենթադրել են՝ տեսնելով, որ հրշեջ մեքենաները հեռանում են, եւ երբ ոստիկաններն արձակել են շենքը մեկուսացնող ժապավենները:
Մեր թղթակիցը հաղորդում է, որ Փակ շուկայում բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մայիսի 24-ին, ժամը 10.22-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկայի» տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարահանվել է շուկայի տարածքից:
ԱԻՆ-ը հաղորդում է, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























