Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խոսել է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ եւ հստակ գիտի, որ ոստիկանապետի եւ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ ոչ մի միջադեպ չի եղել: Այս մասին այսօր ՀՀԿ 15-րդ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը:
«Ոչ մի միջադեպ էլ չի եղել, ես խոսել եմ ոստիկանապետի հետ ու ճշտել։ Իմ խոսքերն ապացուցում է այն, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է գործ հարուցել»,- ասաց մարզպետը:
Լրագրողների հարցին, թե ինչու մարզպետը չի անդամագրվում Հանրապետական կուսակցությանը, մարզպետը պատասխանեց. «Դրա կարիքը չկա, ես աշխատում եմ պետության համար: Ես կուսակցական ոչ մի պատկանելություն չունեմ, չեմ ունեցել, ինձ ոչինչ չի գայթակղում»:
Լրագրողները մարզպետին խնդրեցին գնահատել ՊԵԿ-ի եւ Ֆինանսների նախարարության միավորումը մեկ կառույցում՝ հաշվի առնելով այն, որ նա աշխատել է հարկային համակարգում:
Մարզպետն ասաց, որ դրական է գնահատում այդ քայլը, քանի որ տարբեր երկրներում այդ փորձը կիրառվել է եւ մեծ հաջողություն ունեցել:
Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով` մայիսի 9-ին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն էր կիրառել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:
Այս միջադեպի մասին ըմբիշի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվել էր խոսել այդ մասին` նշելով միայն, որ «տհաճ է այդ թեմայով խոսելը»:





























