Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում մայիսի 25-ին ինքնահրկիզված Լազրո Գաբրիելյանը հոգեկան շեղումներ ուներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ակնաշենի գյուղապետ Միսակ Միսակյանը:
«Լազրո Գաբրիելյանը հոգեկան խնդիրներ ուներ, ժամանակ առ ժամանակ գիտակցությունը կորցնում էր, չէր հասկանում, թե որտեղ է գտնվում: Բացի դրանից առողջականն էլ լավ չէր, վերջին մեկ տարվա ընթացքում նիհարել, 40 կիլո էր դարձել»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ 82-ամյա ծերունին ուներ երեք աղջիկ եւ մեկ տղա, ապրում էր որդու ընտանիքի հետ մեկ տան մեջ, սակայն առանձին սենյակում հիվանդ եղբոր հետ:
«Եղբայրն էլ հոգեկան խնդիրներ ուներ, մի սենյակում էին ապրում: Դեպքի օրն էլ եղբոր սենյակից դուրս է եկել եւ ինքնահրկիզվել: Եղբայրն այդ մասին չգիտի էլ, չի հասկանում»,- ավելացրեց Միսակ Միսակյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ակնաշենում մայիսի 25-ի վաղ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում 82-ամյա տղամարդ է ինքնահրկիզվել: Շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չեն կարողացել:





























