Կոմիտաս 5ա շենքի մի խումբ բնակիչներ նամակ են գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ձեզ ենք դիմում Երեւանի Կոմիտաս 5ա շենքի ` շուրջ չորս տարի պետական զանազան բարձր պաշտոններ զբաղեցրած եւ զբաղեցնող այրերի առանձնասենյակների դռները ծեծող հուսախաբ բնակիչները: Լսելով Ձեր ելույթները ժողովրդի հետ հանդիպումներում ՝ԱԺ-ում , ՀՀԿ համագումարում, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չեք թողնելու , հույս ծագեց , թե Ձեր միջամտությամբ ի վերջո կլուծվի մեր խնդիրը:
Տեղեկացնում ենք, որ 2011թ.-ից մինչեւ օրս մեր հոգսերն ու իրական անելիքը թողած դատական (այժմ էլ 4 հայցերով վարչական ու քաղաքացիական դատարանների դռներն ենք դեռ չափչփում) ու վարչական ատյաններում պայքարում ենք (ինչի մասին քաջատեղյակ է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ) Կոմիտաս 5 հասցեի ապօրինի շինարարության դեմ: Սակայն ոստիկանության բռնություններով եւ սեփական ժողովրդից կառուցապատողին «պաշտպանելու», մեր ոստիկանների տխրահռչակ գործողություններով սկսված այդ շինարարությունն իրականացվում է առանց այն էլ ՀՀ գործող շինարարական, տեխնիկական ու այլ նորմերի կոպիտ խախտումներով կազմված ու 01.11.2013 թ-ին հաստատված 01/18-2-45526-0004 նախագծի ցուցանիշերի, մասնավորապես սահմանված չափերի խախտմամբ: Կառուցապատողը բոլոր կողմերից ընդլայնել է շենքը` խախտելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ մի շարք այլ պատկան մարմինների պահանջներն ու նախագծով սահմանված հեռավորությունները եւ մեր շենքը բոլոր կողմերից զրկել շտապ օգնության, հակահրդեհային անվտանգության եւ էվակուացիոն ճանապարհներից, նաեւ կանաչ տարածքից` ապօրինի կտրելով շուրջ 2 տասնյակ ծառեր:
Ցավալի է, բայց փաստ, որ անգամ դատարկվող Հայաստանի պարագայում, ինչպես Դուք նշեցիք ԱԺ-ում, «էլ ինչ երկիր առանց ժողովրդի»: Մեր երկրի որոշ ղեկավարներ գերակա են համարում նորանոր եկամուտների մարմաջով տարված եւ ոչ միայն Հայաստանում, այլ ուրիշ երկրներում առանձնատներ ու բնակարաններ ունեցող մի ներդրողի շահը` արհամարհելով շուրջ 150 բնակարանի բնակիչների օրինական իրավունքները:
Հարգարժան վարչապետ, խնդրում ենք Ձեր համապատասխան միջամտությունը կանխելու Կոմիտաս 5 հասցեում իրականացվող ապօրինի եւ հրդեհի ու այլ արտակարգ իրավիճակների պայմաններում աղետալի հետեւանքներով հղի շինարարությունը:
Հուսով ենք, որ այս անգամ մենք խաբված չենք մնա եւ փոշմանած չենք նստի ու մտածի, թե ավելի լավ էր հույսներս կտրած հաշտվեինք մեր վիճակի հետ, եւ շենքն ըստ առաջին նախագծի վեր բարձրանար` զրկելով մեզ արեւի լույսից, քան թե մնանք անօգնական արտակարգ իրավիճակների դեպքում»:





























