Հարավային Կորեայի իրավապահները խորտակված ուղեւորատար «Սեւոլ» լաստանավի իսկական սեփականատերը համարվող միլիարդատիրոջ` Յու Բեն Յոնի գտնվելու վայրի մասին օգտակար տեղեկությունների տրամադրման դիմաց առաջարկվող պարգեւավճարի գումարը 500 հազար ԱՄՆ դոլարի են հասցրել:

Երկրի գլխավոր դատախազությունը Յու Բեն Յոնին հարկերից խուսափելու եւ գումարներ յուրացնելու մեջ է մեղադրում: Բացի այդ, ենթադրություն կա, որ նավաբեկությունը «Սեւոլի» անվտանգության ապահովման նպատակով անբավարար միջոցների հատկացման արդյունք կարող էր հանդիսանալ:

Ոստիկանությունը նաեւ 100 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգեւ է խոստանում` միլիարդատիրոջ ավագ որդու մասին տեղեկությունների դիմաց: Ինտերֆաքսի հաղորդմամբ, Յու Դե Գյունը ֆինանսական միջոցների հափշտակման մեջ է մեղադրվում:

Հիշեցնենք` «Սեւոլ» լաստանավը ապրիլի 16-ին` Կորեական թերակղզու հարավ-արեւմտյան ափերի մոտ էր խորտակվել: Աղետից հետո ձերբակալվել են անձնակազմի բոլոր` 15 անդամները, ինչպես նաեւ կապիտանը, ով առաջիններից մեկն էր նավը լքել: «Սեւոլի» վրա 476 ուղեւորներ են եղել (հիմնականում` դպրոցականներ), որոնցից ընդամենը 164-ն են փրկվել: Առայժմ 281 մահվան դեպք է հաստատվել: