Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժամանել է Երեւան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Մոսկվայում հարկադիր վայրէջից հետո ինքնաթիռը բարեհաջող թռել եւ ժամանել է Երեւան, որեւէ խնդիր չի արձանագրվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոսկվայում մայիսի 25-ին հարկադիր վայէջք էր կատարել Երեւան մեկնող ինքնաթիռը, որի ուղեւորների թվում եղել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ինտերֆաքսին» հայտնել էր, թե Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցում էր անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովի եւ վերադառնում էր Երեւան:

«Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել թռիչքից որոշ ժամանակ անց, տեխնիկական խնդիրների պատճառով: Մեր տվյալներով, լուրջ որեւէ բան չկա»,- նշել էր Հովհաննիսյանը:

ՌԴ ՆԳՆ տրանսպորտի անվտանգության վարչության տվյալներով, «Շերեմետեւո» օդանավակայանից թռչող, «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել էր բեռնախցիկում ծխի առկայության ահազանգի հետեւանքով: Ինքնաթիռում գտնվող 161 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: