Հազվադեպ հանդիպող Գուդփասչերի սինդրոմ հիվանդությամբ տառապող 17-ամյա Տիգրան Ավետիսյանի ընկերները դրամահավաք են կազմակերպել Ծաղկաձոր քաղաքում՝ իրենց ընկերոջ բուժումը արտասահմանում կազմակերպելու համար։
«Օգնենք Տիգրանին ապրել» պաստառներով նրանք շրջել են Ծաղկաձորով, եղել բոլոր հյուրանոցներում, ժամացի վայրերում, հանգստյան տներում, փակցրել Տիգրանի հիվանդության մասին տեղեկություններ և նկարներ:
Ընկերները եղել են նաև Կեչառիս վանական համալիրում, մոմ վառել իրենց ընկերոջ առողջության համար:
«Մենք մոտեցել ենք ուխտավորներին, մոտեցել ենք հասարակ քաղաքացիներին, բոլոր նրանց, ում հանդիպել ենք,կանգնել ենք եկեղեցու բակում ու գումար խնդրել: Շատերը թերահավատորեն էին մոտենում, գուցե և մտածում էին, որ այսօր նման հիվանդներ շատ կան, ու որին օգնեն, բայց էդ նույն մարդիկ եկեղեցուց դուրս գալուց հետո գումար տվեցին մեզ»,- NEWS.am-ին պատմեց Տիգրանի դասընկերուհին՝ Սերինե Փանոսյանը:
Սերինեն կարծում է, որ իրենց քայլը վարակիչ կլինի նաև այլ երիտասարդների համար, որոնք նման դրամահավաքներ կկազմակերպեն իրենց համայնքներում։
Նախաձեռնության անդամները Ծաղկաձորում հավաքել են 109 000 դրամ, դրամահավաքությունն այսօր շարունակվել է նաև Հրազդանի փողոցներում, դպրոցներում, բակերում:
Տիգրան Ավետիսյանի ուսուցչուհին՝ Գայանե Սիմոնյանը NEWS.am-ին ասաց, որ Տիգրանի հետ խոսել է նրա հիվանդության մասին, բացատրել ու հիմա նա հույսով ու հավատով է լցվել, ոգևորվել ու սպասում է իր ապաքինվելուն:
Ի դեպ, Իսրայելի «Ռամբան» բժշկական կենտրոնը արդեն համաձայնել է ընդունել և բուժել Տիգրանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 17-ամյա բնակիչ Տիգրան Ավետիսյանի մոտ երկար հետազոտություններից հետո հայտնաբերվել է բացառիկ անբուժելի հիվանդություն, որի մասին Տիգրանի ընտանիքն իմացել է միայն վերջին օրերին: Պատանին տառապում է բացառիկ հիվանդությամբ՝ Գուդփասչերի սինդրոմով: Իմունային համակարգի հազվագյուտ հանդիպող այս հիվանդության դեպքում հակամարմիններն ախտահարում են երիկամներն ու թոքերը, տեղի է ունենում բոլոր ներքին օրգանների քայքայում։ Նրա կյանքն արտերկրում կարող են երկարացնել 10-15 տարով, իսկ Հայաստանում այդ հիվանդությունը չի բուժվում։
Տղայի բուժման համար հաշվեհամարներ են բացվել, որպեսզի կարողանան բուժումը կազմակերպել Իսրայելում:
ՀՀ դրամ-16025073043101
ԱՄՆ դոլար-16025073043102
Եվրո-16025073043103
ՌԴ ռուբլի-16025073043104
Հաշվեհամարները բացված են ՎՏԲ Հայաստան բանկում, հաշվետեր՝ Ոսկանյան Սյուզաննա Լևոնի:

Ինգա Հայրիյան





























