ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում չորս տարի տեւած հետաքննության արդյունքում ապահովագրության վարչության խարդախությունների բաժինը 18 մարդու կալանավորելու որոշում են կայացրել, որոնք մեղադրվում են մեքենաների խոշոր գողությունների եւ ապահովագրության հետ կապված խարդախությունների մեջ:
The Los Angeles Times-ի փոխանցմամբ, 17 մարդ մեղադրվում է Լոս Անջելեսում, եւս մեկը Ֆրեսնոյում: Հանցախումբն օգտագործել է բանկային քարտերի տվյալները՝ գնելու 21 թանկարժեք մեքենաներ, այդ թվում՝ Մերսեդես, Աուդի, BMW եւ Լեքսուս մակնիշի, բոլորն էլ Լոս Անջելեսի տարբեր սրահներից: Նրանք վթարի են ենթարկել մեքենաները եւ դրա դիմաց խոշոր փոխհատուցումներ են ստացել:
Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է մեղադրյալներից 13-ը, 1-ը հայտարարել է հանձնվելու մասին, եւս չորսին հետախուզում են: Ձերբակալվածների մեջ ամուսիններ կան: Հատուկ գործողությանը մանսակցել են 100-ից ավելի իրավապահներ, իսկ գործողությունը կատարվել է Վան Նայսում, Գլենդելում, Նորթ Հալիվուդում, Լոս Անջելեսում, Սանլենդում, Գրանադա Հիլզում, Պանորամա սիթիում եւ Ֆրեսնոյում: Կասկածյալների գործողության արդյունքում տուժել են 11 ապահովագրական ընկերություններ:
Այս պահին հայտնի է ձերբակալվածներից 13-ի ինքնությունը՝ Շավաշ Գասպարյան, Էդուարդ Գասպարյան, Մինաս Գեւորգյան եւ Հարություն Գեւորգյան, Վարդան Գրիգորյան եւ Սերգեյ Պալյան, Գայանե Սարգսյան, Փիթեր Երկանյան, Վարդուհի Թոփալյան, Ալբերտ Հակոբյան, Ավետիս Բարնասյան, Դիանա Գրիգորյան, Ժասմեն Թադեւոսյան:
Իրավապահները շարունակում են հետաքննությունը:































