Նիգերիայի բանակի ղեկավարությունը հայտարարում է, որ տեղեկություն ունի, թե որտեղ են գտնվում իսլամիստական «Բոքո Հարամ» խմբավորման կողմից առեւանգված աշակերտուհիները, սակայն դեռ չեն ծրագրում նրանց փրկելու գործողություն սկսել: Ապրիլին  իսլամիստները երկրի հյուսիսում դպրոցից առեւանգել էին 200 աղջկա: 

«Կարո՞ղ ենք արդյոք զորքեր ուղարկել այնտեղ, ուր պահում են նրանց: Մենք չենք կարող սպանել մեր աղջիկներին՝ նրանց վերադարձնելու փորձ կատարելով», - հայտարարել է  Նիգերիայի պաշտպանության շտաբի պետ Ալեքս Բադեհը՝ ելույթ ունենալով Աբուջում պաշտպանության նախարարության շենքի առջեւ հավաքված ցուցարարների առաջ:

«Ոչ ոք իրավունք չունի հայտարարել, թե Նիգերիայի բանակը չգիտի ինչ անել: Մենք գիտենք՝ ինչ ենք անում: Նախագահը համակարծիք է մեզ հետ, նա լիազորել է մեզ անել այդ աշխատանքը», - հայտարարել է Բադեհը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիգերիայում առեւանգված աշակերտուհիներին ազատելու գործարքն արդեն կնքվելու մոտ  է եղել, սակայն Նիգերիայի կառավարությունը այն չեղյալ է  հայտարարել: Երկու շաբաթ առաջ Նիգերիայի իշխանություններն արդեն հայտարարել էին «Բոքո Հարամի» ծայրահեղականների առաջարկությունը չընդունելու մասին՝ առեւանգված աշակերտուհիներին բաց թողնել գրոհայիններին ազատ արձակելու փոխարեն: