Նախորդ շաբաթ օրը Բրյուսելի Հրեական թանգարանում ահաբեկչություն իրականացրած հանցագործը տեսանկարահանել է իր գործողությունները:
«Դերնիեր էր» բելգիական թերթը տեսահսկողություն իրականացնող խցիկներից ստացված պատկեր է հրապարակել, որտեղ ահաբեկչի կրծքին` պայուսակի գոտուց ամրացված տեսախցիկ է երեւում, հաղորդում է Ռոսբալտը:
Ավելի վաղ Բրյուսելի դատախազությունը քաղաքի կենտրոնում երեք մարդու կյանք խլած հրաձգությունը պաշտոնապես ահաբեկչական գործողություն էր որակել: Միջադեպի արդյունքում եւս մեկ վիրավոր կա:
Մայիսի 24-ին անհայտ անձը ավտոմատ զենքից կրակ է բացել Հրեական թանգարանում եւ փախուստի դիմել: Ականատեսի վկայությամբ, չարագործը 5-6 անգամ կրակել է, դադար առել, այնուհետեւ եւս 12 գնդակ արձակել:Ահաբեկչության զոհ են դարձել Իսրայելի 2 քաղաքացիներ եւ մեկ ֆրանսուհի: Վիրավորը, ով բելգիացի է, ներկայումս չափազանց ծանր վիճակում է գտնվում:
Ոստիկանությունը տեսահսկողություն իրականացնող խցիկներից ստացված կադրեր եւ լուսանկարներ է տեղադրել համացանցում, ինչպես նաեւ հանցագործի նկարագրությունը տրամադրել, սակայն հետախուզումը դեռեւս արդյունք չի տվել: Պարզ չեն նաեւ հանցագործության մոտիվները:




























