Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր համայնքում գայլերը հոշոտել են Վարդանյաններին պատկանող ոչխարի հոտը: NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակիցը հաղորդում է, որ դեպքը գրանցվել է մայիսի 26-ի գիշերը: Ջրաձորցիներն արդեն սատկած մոտ ութ տասնյակ գլուխ կենդանիներին տեսել են առավոտյան անասնագոմում:
«Եկա, դուռը բացեցի ու տեսնեմ՝ ոչխարներիս կեսն ընկած է, կեսն էլ թոփալ ման են գալիս, շիվարա, կանգնեցի, հասկացանք , որ գայլ է մտել: Գոմս տնից հեռու է,բայց ես ամեն բանով ապահովել եմ, փակ է դուռ ու երդիկը, բայց գայլն էնքան շուստրի է , որ ջարդել է փոքր պատուհանն ու ներս մտել, հոշոտել» :
Ըստ անասնատիրոջ, գայլերը գործել են ոհմակով, ամբողջությամբ հոշոտել են 75 գլուխ ոչխար, 10-ից ավելին էլ վիրավոր են: Վարդանյաններն ասում են՝ ֆերման ստեղծելու համար վարկ են վերցել երկու տարի առաջ, իրենց ունեցած 300 գլուխ անասունից մոտ 90-ը գայլի բաժին է դարձել:
«Ես հիմա չգիտեմ՝ ինչ անեմ, վարկերս ոնց տամ, հո քիչ չէ վնասը, վիրավորներն էլ են շատ, ես չգիտեմ՝ կապրեն, թե կսատկեն»-ասաց Վարդան Վարդանյանը :
Գյուղացիների պատմելով՝ գայլերը հաճախ են գյուղ մտնում, անգամ օրը ցերեկով:
«Երկու օր առաջ էր, ցերեկով տեսանք՝ գայլը մտավ գյուղ , հասավ գառան վրա, բերանն առավ ու փախավ , մենք էլ չկարողացանք մի բան անել»,-ասաց ջրաձորցի Արմեն Գրիգորյանը:
Գյուղում որսորդ չկա, գայլերն այնքան շատ են , որ ոչ միայն ոչխարների վրա են հարձակվում, այլեւ շներին են հոշոտում ոհմակներով:
«Սենց որ գնաց, գյուղում էլ ոչխար չի մնա, դեմն առնել է պետք»- ասաց գյուղապետ Գեւորիկ Հովակյանը:
Գայլերի հարձակումը շատ է հատկապես Շիրակի մարզի հեռավոր համայնքներում՝ Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանոններում:
Վարդանյանների նախնական հաշվարկով՝ իրենց վնասի չափը մոտ 300 մլն դրամ է: Անասնատերը հույս չունի, որ կառավարությունը կօգնի։ Համայնքապետ Գեւորիկ Հովակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի բյուջեով հնարավոր չէ վնասի նույնիսկ 30 տոկոսը փոխհատուցել։
«Որ ասեմ՝ կարող եմ օգնել, ճիշտ չէ, համայնքն այդքան բյուջե չունի , տեսնենք մարզպետարանում ինչ կարող են անել, կդիմենք ամեն դեպքում» ,- ասաց գյուղապետը:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Վարդանյաններին իրենք ոչնչով օգնել չեն կարող. բյուջե չկա:
«Ես 15 տարի աշխատում եմ, ամեն տարի տարբեր համայնքներում հարձակում է լինում՝ Ողջիում, Արեգնադեմում եւ այլն, երբեք չի եղել, որ նման դեպքերում մարզպետարանը փոխհատուցում անի»,- ասաց Մովսես Մանուկյանը:





























