Մայիսի 26-ի երեկոյան Հայաստան է ժամանել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Տրդատա կամարի առջեւ, Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեl 1 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ, նրանք «Հրաշափառի» ներքո մուտք են գործել Մայր Տաճար:

Գոհաբանական աղոթքից հետո Գարեգին Բ-ն ողջունել է Արամ Ա-ի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն է հայտնել, որ հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի, առիթ պիտի ունենան իրենց հայրապետական պատգամներն ու օրհնությունը փոխանցելու հայորդիներին` կոչելով միաբանության եւ հայրենանվեր ծառայության` մաղթանքով, որ հայ ժողովրդի ընթացքը դարերի մեջ միշտ լինի հաղթական` միտված խաղաղ ու անդորր կյանքի ապահովմանը:

Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ուրախություն է հայտնել Մայր Աթոռում գտնվելու համար` իբրեւ առիթ ծառայական ուխտի վերանորոգման եւ հավատքի ամրապնդման: Արամ Ա-ն, մասնավորապես, նշել է. «Մայր Հայրենիքը սրբազան հավատքի տունն է, եւ պատմության ընթացքին մեր ժողովուրդն իր արյունն է թափել Հայրենիքի համար… Հայրենիքի պաշտպանությունը, ազատությունն ու անկախությունը մեզ համար գերագույն արժեք է: Այսօր մենք կոչված ենք Հայաստանի անկախությունն ավելի զորացնելու, ինչն ավելի մեծ զոհողություն է պահանջում: Մենք բոլորս` որպես Հայ Եկեղեցու սպասավորներ, որպես Հայ Եկեղեցի, հայ հոգեւորականներ, Հայաստանում, թե՛ Սփյուռքում կոչված ենք հայրենաշինության  նվիրական գործին»:

Արարողությունն ավարտվել է երկու կաթողիկոսների օրհնությամբ ու միասնական աղոթքով: