Դիմորդների թիվն այս տարի նվազել է. ԵՊՀ է դիմել 2200 դիմորդ, ինչը 400-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը՝ հավելելով, որ բոլոր բուհերում ընդհանուր թվով մոտ 2000 դիմորդների պակաս կա:

«Դիմորդների թվով դրական կարող ենք համարել վիճակը ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա, կառավարում, լեզվաբանություն մասնագիտություններում: Բնագիտական ֆակուլտետներում դիմորդների թվով պայմանավորված վիճակը վատ է: Փիլիսոփայություն, հոգեբանություն, արվեստաբանություն, ռուսաց լեզու մասնագիտություններով նույնպես քիչ են դիմորդների թիվը»,-ասել է նա՝ նկատելով, որ տարեցտարի նվազում է դպրոցներ ավարտողների թիվը:

Վաչագան Գալստյանի խոսքով՝ այս տարի վարձավճարների փոփոխություն ոչ մի մասնագիտությունում չի եղել: «Այս տարի դրական բալեր ստացող բոլոր դիմորդներին մենք կընդունենք պետական համալսարան: Իհարկե, բոլոր դեպքերում մասնագետների որակը կնվազի, բայց մենք էլ շարժվում ենք եղած իրավիճակից ելնելով: Հիմա բուհը պահելու խնդիր կա»,-նշել է նա:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am