Ճապոնացի մասնագետներն աջակցություն են ցուցաբերել հայ գործընկերներին` բրոնզից պատրաստված իրեր վերականգնելու համար:
Հայաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի եւ Տոկիոյի մշակութային արժեքների գիտա-հետազոտական ինստիտուտի մասնակցությամբ իրականացվող միջազգային ծրագրի շրջանակում վաղ եւ միջին բրոնզե դարերին թվագրվող 8 իրեր են վերականգնվել: 2011-2014թթ. իրականացված ծրագրի արդյունքները մայիսի 27-ին Հայաստանի պատմության թանգարանում են ներկայացվել:
Ինչպես Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն է արդյունքների ներկայացմանը նշել, նախօրեին ճապոնական կողմը երկրորդ` մինչեւ 2020թ. աշխատանքներ ներատող ծրագիրն է ստորագրել: Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տեղեկատվական բաժնի ղեկավար Կոտարո Օցուկիի խոսքով, նախագիծը մասնագետներին փորձ եւ գիտելիքներ փոխանակելու հնարավորություն է ընձեռում:
Ծրագրի շրջանակում հայ մասնագետների համար 6 վերապատրաստման դասընթացներ եւ Վրաստանից, Իրանից, Ռումինիայից, Իրաքից, Ղազախստանից, Ղրղըզստանից եւ Ռուսաստանից ժամանած փորձագետների մասնակցությամբ 3 միջազգային սեմինարներ են կազմակերպվել:
Բոլոր ցուցանմուշները կորոզիայի հաստ շերտով են պատված եղել: Տեսանելիության համար շերտի մի մասը չի մաքրվել:




























