Համացանցային հսկա Google-ը հայտարարել է սեփական  ինքնակառավարվող ավտոմեքենաներ թողարկելու մտադրության մասին։ Ըստ ընկերության՝ համակարգիչն ավելի ապահով է վարում, քան մարդը։

Google-ն արդեն վաղուց է զբաղվում մեքենաների համակարգչային կառավարման տեխնոլոգիաների մշակմամբ, սակայն մինչեւ հիմա այդ սարքավորումները փորձարկվում էին այլ արտադրողների ավտոմեքենաների վրա։

Սկզբի համար ընկերությունը նախատեսում է հարյուրավոր ինքնակառավարվող մեքենաներ թողարկել, որոնք չեն ունենա ղեկ, ոտնակ, այլ միայն «Կանգ» եւ «Մեկնարկ» կոճակները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:  

Այս տեխնոլոգիայի կողմնակիցները  կարծում են, որ այն կնվազեցնի վթարների թիվը: Սակայն այլ փորձագետներ կանխատեսում են, որ այդպիսի մեքենաները կդժվարացնեն երթեւեկությունը ճանապարհներին, եւ խցանումներն ավելի կշատանան:

Նշենք, որ շվեդական Volvo ավտոկոնցեռնը նույնպես զբաղվում է նման  գաղափարի մշակմամբ եւ վերջերս հայտարարել է այդպիսի հարյուրավոր մեքենաներ արտադրելու ծրագրերի մասին: