Ավստրալիայում Apple ընկերության կողմից թողարկված սմարթֆոնների, պլանշետների եւ նոութբուքերի մի քանի օգտատերեր հայտարարել են, որ իրենց պատկանող տեխնիկայի ծրագրային ապահովումը շրջանցվել է անհայտ անձի կողմից: Չարագործը գումար է պահանջում` արգելափակված սարքավորումների աշխատանքը վերականգնելու համար:
Տուժածներին պատկանող սարքավորումների էկրանին տարօրինակ հաղորդագրություն է հայտնվել. «Ձեր սարքն արգելափակվել է Օլեգ Փլիսսի կողմից: Աշխատանքը վերականգնելու համար…»:
Որոշ օգտատերերի մոտ նախադասությունն անավարտ չէ` աշխատանքը վերանագնելու համար PayPal համակարգով 50-ից 100 դոլար կամ եվրո վճարելու պահանջ է ներկայացվել:
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, Apple ընկերությունը ստեղծված իրադրությանը դեռեւս մեկնաբանություն չի տվել:
Փորձագետները գտնում են, որ «Օլեգ Փլիսս» կեղծանունը կրող հաքերը iCloud հեռավար հասանելիության ծառայության միջոցով է սարքավորումների նկատմամբ վերահսկողություն ստացել:
Sydney Morning Herald պարբերականի տվյալներով, «համաճարակը» գրեթե ողջ Ավստրալիային է տիրել: Նմանատիպ մեկ դեպք է գրանցվել նաեւ Լոնդոնում: Սակայն այնտեղ եւս սարքը ավստրալացու է պատկանում, ով արձակուրդ անցկացնելու նպատակով է Մեծ Բրիտանիա ժամանել:





























