Քեթրին Քուքի «Հինգ ծառ» վերնագիրը կրող գիրքը հարյուրամյա վաղեմություն ունեցող ողբերգական իրադարձությունների պատճառով տառապանքներ կրած եւ մինչ այժմ էլ տառապող տեղանքների վիզուալ ուսումնասիրության օգնությամբ Հայոց ցեղասպանության բարդ եւ հուզիչ պատմությունն է ներկայացնում: Այս մասին «Wired» ամերիկյան ամսագիրն է գրում:
«Հուսով եմ` գիրքը հարցին ինքնատիպ տեսանկունից է նայում: Ըստ իս, լուսանկարչությունը պատմությունն ուսումնասիրելու ամենաարդյունավետ եղանակներից մեկն է, քանի որ այն տեղ է թողնում տարբեր մեկնաբանությունների համար եւ կարող է պատկերել այն, ինչի մասին չես էլ լսել», - նշել է հեղինակը:
Քուքը 2006թ. Թուրքիա տեղափոխվելուց հետո է պատմությամբ է տարվել, երբ տեսել է, թե հայկականությանն ու հայոց պատմությանը վերաբերող ինչ խմորումներ են այնտեղ ընթանում: Իսկ Հրանտ Դինքի սպանությունից հետո որոշել է խնդիրը լուսանկարների օգնությամբ ուսումնասիրել: «Ես հուղարկավորության ժամանակ մի քանի լուսանկար արեցի, եւ այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց», - ասում է նա:
Քեթրին Քուքը ողջ Թուրքիայով մեկ երբեւէ հայկական համայնքի հետ առնչություն ունեցած տեղանքներ է լուսանկարել` եկեղեցիներ, վանքեր եւ այլ` լքված ու ավերված նախկին հայկական շինություններ:





























