Բանակը հասարակության մի մասն է եւ ընդհանուր հասարակության մեջ հանդիպող դեպքերը նաեւ բանակում են լինում, իհարկե ավելի քիչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով բանակում հանդիպող մահվան դեպքերին:

«Բանակում հանդիպող դեպքերը պաշտպանության նախարարության հետ բացարձակ կապ չունեն: Բանակը հասարակության մի մասն է, եւ հասարակության մեջ հանդիպող դեպքերը նաեւ բանակում են լինում, իհարկե ավելի քիչ: Ինչ վերաբերվում է շփման գծում տեղի ունեցող դեպքերին, ապա դժվար է խուսափել դրանցից, երբ կա թշնամի կողմ, երբ կա արյուն թափող, երբ չկա ադրբեջանական կողմից խաղաղությունը պահպանելու, զարգացնելու, խոստումները պահելու ցանկություն, դրանից է, որ նման դեպքեր են լինում: Ւսկ ընդհանրապես ես հորդորում եմ, խորհուրդ եմ տալիս, կամ պահանջում եմ, որ ամեն ինչի մեջ նեգատիվը չփնտրեք, Հայաստանում կան նաեւ լավ բաներ»,- ասաց նորանշանակ նախարարը՝ այդպես էլ չպատասխանելով, թե որոնք են այդ լավ բաները:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որին դիմակայելու ժամանակ զոհվել էր ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ.  ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորվել էր զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: Նույն մարտական հենակետում նույն օրը զոհվել էր փոխգնդապետ, գումարտակի հրամանատար Գարիկ Բալայանը։