Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կայցելի ցանկացած դատապարտյալի, եթե դրա կարիքը լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին այցելել է, իսկ Վոլոդյա Ավետիսյանին եւ Շանթ Հարությունյանին՝ ոչ:

«Ես այցելում եմ ըստ անհրաժեշտության, եթե ահազանգ կա, եթե խնդրանք կամ դիմում կա, եւ եթե դա վերաբերվում է քրեակատարողական հիմնարկի պայմաններին: Ըստ անհրաժեշտության եթե կարիքը լինի, ցանկացած դատապարտյալի անկախ նրանից, թե ով է, պիտի ես հետեւեմ այդ խնդրին»,- ասաց նա:

Անդրադառնալով մայիսի 17-ին Վարդան Պետրոսյանին այցելելուն՝ նորանշանակ նախարարը նշեց, որ դերասանը բողոքում է միայն դատավարությունից:

«Վարդան Պետրոսյանի վիճակը նորմալ է, բողոք-պահանջ չուներ, իր միակ անհանգստությունը կապված է դատավարության հետ: Ես էլ հույս հայտնեցի, որ դատավարությունն օբյեկտիվ կլինի, նորմալ եւ արդյունքում կկայացվի արդար եւ օբյեկտիվ դատական վճիռ»,- ավելացրեց Հովհաննես Մանուկյանը:

Մեր հարցին, թե ում խնդրանքով է դերասանին այցելել, այդպես էլ արդարադատության նախարարը չպատասխանեց: