Google-ը մտադիր է եվրոպական երկրների համար նոր ծառայություն թողարկել, որը թույլ կտա որոնման արդյունքներից հեռացնել օգտվողների անձնական կյանքին վերաբերող տվյալները:
Ընկերությունը ստիպված էր այդ քայլին դիմել Եվրադատարանի որոշման պատճառով. այն սահմանել էր, որ հնացած կամ ոչ արդիական անձնական տվյալների հղումները պետք է հեռացվեն որոնողական համակարգի ցանցից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Financial Times-ի հետ հարցազրույցում Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջը հայտարարել է, որ ընկերությունը կկատարի ԵՄ-ի բարձրագույն ատյանի վճիռը, սակայն նախազգուշացրել է, որ դա կարող է վնասել նորարարություններին եւ կբխի խոսքի ազատությունը ճնշող վարչակարգերի շահերից:
Ավելի վաղ Google-ը հիասթափություն էր հայտնել Եվրադատարանի այն վճռի կապակցությամբ, որով օրինականացվել էր այսպես կոչված «մոռացված լինելու իրավունքը»:
Google-ը եւ շատ իրավաբաններ կարծում են, որ ըստ եվրոպական գործող օրենսդրության, այդ օրենքը տարածվում է միայն ոչ ամբողջական կամ սխալ տեղեկատվության վրա:





























