Նախօրեին՝ մայիսի 31-ին բողոքի գործողություն է եղել Թել-Ավիվում՝ թուրքական դեսպանատան առջեւ: Ցուցարարները բողոքել են Թուրքիայի հակաիսրայելական քաղաքականության դեմ: Գործողության մասնակիցներն իրենց ձեռքերում պաստառներ են պահել, որոնց վրա հավասարության նշան են դրել Թուրքիաի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի միջեւ: Հավաքվածները նաեւ վանկարկել են «Թուրքիա-խազոնա» (Թուրքիան՝ մարմնավաճառ) արտահայտությունը: Ի դեպ, հավաքվածները կարգախոսներ են հնչեցնում ի պաշտպանություն Հայաստանի եւ քրդական ազատագրական շարժման:
Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել են «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 իրավապաշտպանների եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ իրավապաշտպաններ, իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» է որակել: Թուրքիան նաեւ ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին Օղուզ Չելիքքոլին եւ պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել:




























