Համաշխարհային WWDC 2014 կոնֆերանսում Apple-ը iPhone-ի եւ iPad-ի համար նոր՝ iOS 8 օպերացիոն համակարգ է ներկայացրել: Ծրագրավորողները նաեւ ծանոթացել են OS X 10.10 Yosemite ՕՀ-ի նոր տարբերակին եւ ծրագրավորման Swift լեզվին, փոխանցում է Reuters-ը:
Օպերացիոն iOS 8 համակարգի տեսքը նույնն է: Փոփոխություններից մեկն առանց հավելվածից դուրս գալու ծանուցումներին պատասխանելու հնարավորությունն է, Quick Type ստեղնաշարի նորացումը, որն այժմ բառեր է գուշակում արագ հավաքման համար, ինչպես նաեւ Family Sharing-ի նոր գործառույթը, որը ներառում է տվյալների զանգվածային ուղարկում ընտանիքի անդամներին, երեխաների գտնվելու վայրի վերահսկում, ընտանեկան բանկային քարտերի օգտագործում, փոխանցում է DW-ն:
OS X Yosemite-ի նոր տարբերակում զգալի փոխվել է դիզայնը: Մասնավորապես, նորացվել են «Քարտեզների» եւ «Օրացույցի» հավելվածները, իսկ Safari բրաուզերը ավելի արագ է աշխատում: Ինչ վերաբերում է Swift ծրագրավորման լեզվին, այն հանգիստ կարողանում է գոյակցել C եւ Objective-C լեզուների կողքին, ընդ որում՝ դրա կոդը շատ ավելի կարճ եւ դյուրին է: Կոնֆերանսի ընթացքում ներկաների աչքի առաջ Swift-ով նոր հավելված է գրվել:





























