Բրիտանական The Beatles խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի ձեռագրերի եւ նկարների հավաքածուն հունիսի 4-ին Նյու Յորքի  Sotheby's աճուրդում վաճառվել է գրեթե 2,9 մլն դոլարով:

Sotheby's-ում նշել են, որ սա Լենոնի երբեւէ աճուրդի դրված աշխատանքների ամենախոշոր հավաքածուն էր, այն ներառում էր պատմվածքներ, բանաստեղծություններ եւ մատիտով արված նկարներ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ձեռագրերն ու նկարները 89 լոտով էին ներկայացված, որոնք բոլորն էլ վաճառվել են, ընդ որում՝ դրանց 83%-ը վաճառվել է գնահատված վերին շեմից շատ ավելի բարձր գնով:  Աճուրդը նվիրված էր ԱՄՆ-ում The Beatles-ի առաջին համերգների 50-ամյակին, որոնք  կայացել էին 1964թ. փետրվարին:

Ձեռագրերի եւ նկարների հավաքածուն աճուրդով վաճառքի էր հանել Թոմ Մաշլերը, որը 1960-ականներին բրիտանական Jonathan Cape պարբերականի գրական տնօրենն էր, որն էլ հրապարակում էր երաժշտի ստեղծագործությունները: