Քննարկվող վարկային համաձայնագրերը, ըստ էության, դարձել են առիթ նաեւ խոսելու Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի ընդհանրապես նշանակության, տնտեսական, աշխարհաքաղաքական նշանակության մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում իր ելույթում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա մասնավորապես, հայտարարել է.

«Կարծում եմ` իսկապես ավելորդ է գերագնահատել  այս նախաձեռնության աշխարհաքաղաքական նշանակությունը, դրա համար հարկավոր է ուղղակի հայացք նետել Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին եւ իսկապես նկատել, որ Հայաստանի` որպես տարանցիկ պետության, հնարավորությունն այս ծրագրի հաջող իրականացման պարագայում կարող է նաեւ նշանակալի քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործիք ծառայել Հայաստանի` մեր որպես պետության ձեռքին:

Այստեղ իսկապես ինձ համար մտահոգիչ է մեկ այլ հանգամանք, որ, կարելի է նաեւ բարձրաձայնել, վրացական մեր հարգարժան գործընկերների հետ քաղաքական պայմանավորվածությունները մինչեւ վերջ տանելու անհրաժեշտությունն է, որովհետեւ գաղտնիք չէ, որ Հայաստանի հարավը հյուսիսին կապելու ժամանակակից ավտոմայրուղի ունենալու նպատակն արդարացված կլինի` բացի ներհանրապետական բոնուսները, մի պարագայում միայն, եթե այն իր շարունակությունն է ստանում նույնորակ ճանապարհով դեպի Սեւ ծովյան նավահանգիստ, որն առնվազն իրանական եւ Կենտրոնական Ասիայի, այսինքն` ասիական կողմից բեռնափոխադրումները կդարձնի առնվազն մրցունակ եւ ավել հարմարավետ:

Այստեղ, կարծում եմ, որ վրացական կողմի հետ մեր բանակցային գործընթացներում ամեն ինչ չէ, որ, իմ պատկերացմամբ, հարթ է ընթանալու:  Եվ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները` Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը, նման հնարավորություն առնվազն հիմա ընձեռում է, եւ մենք կարող ենք, իմ պատկերացմամբ, նաեւ այդ հավելյալ գործընթացը օգտագործել մեզ համար կարեւոր այս խնդիրը վրացական գործընկերների հետ առաջ տանելու համար:

 Երկրորդ հանգամանքը, որ ցանկանում եմ անդրադառնալ հետեւյալն է. մեր հանձնաժողովում քննարկումների ժամանակ մեր հարգարժան գործընկերները կառավարությունից ներկայացրել էին վարկային համաձայնագիրը: Հանձնաժողովում եղել է շատ շահագրգիռ քննարկում, թեեւ օրենսդրությունը պարտավորում է կառավարությանը ներկայացնելու այն, ինչ մեզ սովորաբար ներկայացվում է, բայց իմ կողմից եղել է առաջարկություն, եւ այդ առաջարկությունը նոր չէ, դեռեւս հին կառավարության գործունեության ընթացքում համանման մի առաջարկություն մեր կողմից ներկայացվել է, որ հաշվի առնելով եւ´ մեր հասարակության, եւ´ նաեւ պատգամավորների, ըստ էության առանց խտրականության որեւէ քաղաքական պատկանելիության առումով խիստ մտահոգություն ՀՀ-ի աճող արտաքին պարտքի վերաբերյալ` կարծում եմ, որ կառավարության լավագույն շահերից է բխում, որպեսզի յուրաքանչյուր վարկային համաձայնագիր ներկայացվի խորհրդարանին ոչ միայն վարկային համաձայնագրի տեքստը, որով ֆինանսիստները կարող են գնահատական տալ` լավ բանակցված վարկային համաձայնագիր է, տոկոսադրույքների, մարումների եւ այլնի առումով, այլ ընդհանուր բովանդակային պատկերացում տան այն նպատակի իրականացման մասին, որին ուղղվելու են այդ վարկային միջոցները:

Եվ այստեղ բնավ էլ պետք չէ, իմ կարծիքով, իսպառ բացառել նման վարկային միջոցների անարդյունավետ ծախսման հավանականությունը, հետեւաբար` ինչքան խորհրդարանը եւ հասարակությունն` ի դեմս խորհրդարանի, ներգրավված լինի, տեղեկացված լինի, դրանից կարող է բուն նպատակը, վարկային համաձայնագիրը շահել:  Եվ ես ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից իրենց խոստացված ժամկետում ուղարկվել են բոլոր մանրամասն տեղեկությունները, այլ հարց, որ առավել մանրամասն տեղեկություններ, ինչպես մենք խոսեցինք` կապված խորհրդատվական ծառայությունների համար նախատեսված ծախսերի միջոցների վերաբերյալ, առավել թափանցիկ կդարձներ ձեր ուղարկած տեղեկանքը:

Եվ կրկին, օգտվելով առիթից, ձեր միջոցով նաեւ ցանկանում եմ կառավարությանը հորդորել, որ հետայսու վարկային բոլոր տեսակի համաձայնագրերը ոչ դրամաշնորհային` վարկային, որոնք ավելացնում են մեր արտաքին պարտքը, ներկայացվեն համապատասխան բովանդակային փաստաթղթի հետ միասին:  Դա, թեեւ օրենսդրության պահանջ չէ, բայց դա ընդամենն օգնում է ձեր գործին: 

Եվս մեկ խնդրի ես ցանկանում եմ անդրադառնալ, քանի որ քննարկումների ժամանակ ինձ համար շատ ցավալի էր նկատել, որ մեր որոշ պատգամավոր գործընկերների` տվյալ պարագայում հանձնաժողովում քննարկումների ժամանակ իմ կողմից հնչեցված պարզ մտահոգությունները, մեր որոշ գործընկերների կողմից ընկալվել են մի այնպիսի կոնսպերոլոգիական համատեքստում, որ ոչ ավել, ոչ պակաս բախտագուշակություն են հիշեցնում կամ, այլ կերպ ասած` սուրճի բաժակ նայելու ժանրից են:

Կատարելապես հիմնազուրկ նման մտասեւեռումները իրականության մեջ վերհանում են թաքնված որոշ ֆոբիաներ եւ որեւէ կերպ չեն նպաստում սեփական քաղաքական ազդեցության եւ կշռի ավելացմանը, այլ ժամանակի մեջ, չկասկածեք, ճիշտ հակառակին»: