Հանցագործությունների դրդապատճառները Հայաստանում տարբեր են, հանցագործ դառնում են հիմնական ոչ լիարժեք ընտանիք ունեցողները։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«Մեկը գողանում է, որովհետեւ ուզում է օգնել ընտանիքին, տեսնում է՝ մայրը հիվանդ է, եւ դեղ պետք է գնել, փորձում է գողություն անել, թմրանյութ վաճառել, ոմանց վրա էլ վատ է ազդում հասարակությունը: Հանցագործների մեծ մասի հայրը տանը քիչ ժամանակ է անցկացրել կամ հայր չի ունեցել»,- ասաց սոցիոլոգը։
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ երիտասարդներին հանցավոր աշխարհից հեռու պահելու համար մեծ է ընտանիքը դերը. երբ պատանի էր, ինքն էլ գողություն է արել, բայց այսօր գիտնական է դարձել:
«Ես մեծացել եմ քաղաքի Սիլաչիի-Բութանիա շրջանում, մեր հարեւանները հիմնականում գողականներ են եղել, բայց մեր ընտանիքն է տարբեր եղել: Փոքր տարիքում գնում էինք, ընկերներով սովխոզից պոմիդոր, ծիրան էինք գողանում, ու հիմա իրենք ինձ հարցնում են՝ ո՞նց եղավ, որ դու գիտնական դարձար: Ես ասում եմ, որովհետեւ ես դրանից հետո գնում էի տուն ու գիրք կարդում: Եթե մեր նոր սերնդի երեխաները դառնան կրիմինալներ, վաղը մեր երկիր ը նրանք չեն կարող պահել, ոչ մի խնդիր չեն կարող լուծել»,- ասաց նա։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք կալանավայրը դաստիարակում է հանցագործներին, սոցիոլոգը պատասխանեց. «Պատիժը նրա համար է, որ նա վախենա հանցագործություն անելուց եւ գտնի այլ միջոց՝ իր խնդիրը լուծելու: Պատիժը չի նշանակում, որ քեզ գցում են զնդանը եւ մի կտոր հաց տալիս, դա ուղղակի վախ է առաջացնում»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























