Ռումինիայի ԱԺ նախագահ տիկին Ռոբերտա Անաստասեն հունիսի 3-ին ընդունել է Ռումինիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծավալված զրույցի ընթացքում, որին մասնակցել են նաեւ Ռումինիայի ԱԺ փոքրամասնությունների խմբի նախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, երկկողմ հարաբերությունների ընդարձակման առումով երկուստեք կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, որոնք կարող են խթանել հայ-ռումինական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Այդ կապակցությամբ, բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը զուգահեռ, անհրաժեշտ համարվել բարեկամական խմբերի փոխշփումների ակտիվացումը եւ համագործակցության օրակարգի կազմումը, որը զուտ օրենսդրական ոլորտից դուրս կարող է ընդգրկել նաեւ տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում զանազան ծրագրերի նախաձեռնումը եւ խրախուսումը:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել ռումինահայ փոքրամասնության հարուստ անցյալն ու արդի շրջանում կարեւոր առաքելությունը երկու երկրների կապերի ամրապնդման գործում:


























