Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հունիսի 19-ին տոնել է Հայաստանում գործունեության տասնամյակը: Երեւանի բուսաբանական այգում կազմակերպված միջոցառմանը ներկա պաշտոնական հյուրերին, դիվանագիտական պատվիրակությունների ներկայացուցիչներին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին եւ բնասերներին WWF-Հայաստանը ներկայացրեց Հայաստանի բնաշխարհի պահպանությանը միտված իր տասնամյա ուղին:
Ներկայացվեցին Հայաստանում կատարված աշխատանքները եւ ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկվեցին հետագա ծրագրերը: Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու WWF-Հայաստանի կողմից իրականացված ծրագրերին՝ այդ թվում լուսանկարների եւ տեղեկատվական ֆիլմի միջոցով: Լուսանկարների մի մասում ցուցադրված էր հայկական բնաշխարհի կենսաբազմազանությունը` ներառյալ վտանգված եւ հատուկ պահպանության կարիք ունեցող կենդանիներն ու բույսերը, իսկ մյուս մասում՝ WWF-Հայաստանի կողմից իրականացված ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները:
Միջոցառման ժամանակ շնորհվեցին «WWF-Հայաստանի լավագույն գործընկեր» մրցանակները: Այնուհետեւ պաշտոնապես բացվեց ՀՀ բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ ստեղծված նոր տնկարանը՝ WWF-Շվեցարիայի ֆինանսավորած ծրագրի շրջանակներում:
«Սկսած 2002 թ.-ից WWF-ի իրականացվող ծրագրերի արդյունքում տեխնիկապես հզորացվել են 35 500 հա տարծքով բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)` «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» արգելոցները, ինչպես նաեւ ստեղծվել եւ հետագայում տեխնիկապես հզորացվել են 91,700 հա նոր ԲՀՊՏ-ներ` «Արեւիկ» եւ «Արփի լիճ» ազգային պարկերը, «Զանգեզուր» եւ «Խուստուփ» արգելավայրերը, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը, որոնք կազմում են ՀՀ ընհանուր տարածքի 3.1 %-ը», - իր ողջյունի խոսքի մեջ ասաց Կարեն Մանվելյանը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենը:
WWF-ը գործում է Հայաստանում 2002 թ-ից, իսկ 2006 թ-ի նոյեմբերին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ WWF-Հայաստանը պաշտոնապես գրանցվել է Հայաստանում՝ հանդիսանալով WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի մի մաս:
Իր գործունեության ընթացքում WWF-Հայաստանը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր ուղղված կենսաբազմազանության պահպանությանը, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը, վտանգված տեսակների եւ էկոհամակարգերի պահպանությանը եւ վերականգմանը, համայնքների զարգացմանը եւ բնապահպանական իրազեկմանը։ Մասնավորապես, Լոռու եւ Տավուշի մարզերում կատարվել են անտառապատման եւ անտառվերականգնման աշխատանքներ մոտ 850 հա տարածքի վրա, իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի ավելի քան 25 համայնքներում իրականացվել են համայնքնային զարգացման ծրագրեր՝ ուղղված բնական պաշարների պահպանությանը եւ կայուն օգտագործմանը։






























