Երեւանի հասարակական տրանսպորտի հարցն իրականում անսպառ է: Այն բազմաթիվ թերություններ ունի: Դրանցում հաճախ հանդիպող մի նրբություն կա: Ինչպես հայտնի է, օրվա ընթացքում որոշակի ժամերի երթուղայիններն իրենց դիսպետչերական կետերից արդեն դուրս են գալիս ուղեւորներով գերբեռնված, այսինքն՝ նստատեղերը զբաղված են եւ մյուս կանգառներում բարձրացողները ստիպված են կանգնել՝ փորձելով պահպանել հավասարակշռությունը:
Հայտնի է նաեւ, որ միկրոավտոբուսները (ի դեպ, ավտոբուսներն ու տրոլեյբուսները նույնպես) կանգնում են կանգառից դուրս, եթե ուղեւոր է լինում: Բայց պատահում է, որ հավանական ուղեւորը, տեսնելով լեցուն երթուղայինը, հրաժարվում է օգտվել դրանից, քանի որ հեռվից հնարավոր չէ նկատել՝ նստելու տեղ կա, թե՞ ոչ: Դրա համար պետք է հեռադիտակ վերցնել, որը նաեւ գիշերային ժամերին տեսանելիություն կապահովի:
Որոշ վարորդներ «ԳԱԶել»-ի սրահում բռնակներ են ամրացնում՝ կանգնած ուղեւորների հարմարավետության համար: Ծառայության հետագա զարգացման նպատակով կարելի է առաջարկել մեքենայի դիմապակուն կանաչ լույս ամրացնել, որը նախատեսված է տաքսիների համար: Եվ վառել այն, եթե սրահում ազատ տեղեր կան: Այդ ժամանակ կանգառից դուրս կանգնած քաղաքացիները դեռ հեռվից կտեսնեն, ազատ տեղ կա՞, թե՞ ոչ:
NEWS.am-ին նման կատակ-առաջարկ է ուղարկել մի երեւանցի, ում հետ օրերս տհաճ դեպք է պատահել: Որոշելով չնստել լեփ-լեցուն «ԳԱԶել»-ը՝ նա արժանացել է մինչեւ հոգու խորքը վիրավորված վարորդի զայրույթին:
Վարորդին, թերեւս, կարելի է հասկանալ: Դժվար աշխատանք ունի, եւ հետաքրքրված է եւս մեկ ուղեւորով: Չէ՞ որ այս ոլորտում աշխատանքի «վարձը» ֆեոդալական կարգերն է հիշեցնում: Բայց եւ ուղեւորին կարելի է հասկանալ:
Խնդրի մեկ այլ կողմ. որքանո՞վ է իրավաչափ կանգառից դուրս ուղեւրո վերցնել: Բայց այդպիսին է մեր իրականությունը, եւ առայժմ ստիպված ենք համակերպվել դրա հետ: Որովետեւ հասարակական տրանսպորտում հարմարավետության ավելացման հույս չկա: Նույնիսկ այն դեպքում, եթե, Աստված չանի, ուղեվարձը թանկացնեն:





























