Թուրքիան Հայաստանից խոստովանություն է սպասում այն մասին, որ անցյալ դարասկզբին տեղի են ունեցել ցավալի իրադարձություններ, որի ընթացքում զոհվել են ինչպես հայեր, այնպես էլ թուրքեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդի քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում կարող է «նոր դարաշրջան» սկսվել, եթե Հայաստանն ու հայկական սփյուռքը համարձակ քայլերի դիմեն, ինչպես, օրինակ, Էրդողանի ցավակցությունն էր:
«Իրականում Թուրքիան ժխտողական քաղաքականություն է վարում: Թուրքիան չի հերքում մարդկանց զոհվելու փաստը, չի հերքում իրադարձությունները, բայց իր ձեւակերպումն է առաջ քաշում: Սակայն հարցն այս ենթատեքստով բարձրացնելը պայմանավորված է Թուրքիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությամբ», - նշեց Սաֆարյանը:
Քաղաքագետը հիշեցրեց, որ ԱԳ նախարարները քննարկել են նաեւ Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հարցը. «Դավութօղլուն հայտարարեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ջանքեր են գործադրելու ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Դավութօղլուն նաեւ չթաքցրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Ակնհայտ է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկել են հայ-թուրքական սահմանի բացման եւ երկաթուղային ճանապարհի վերականգնման հարցը: Պատահական չէ, որ արդեն Երեւանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսեց երկաթուղային հաղորդակցության վերականգնման համատեքստում, եթե կարգավորվեին հայ-թուրքական հարաբերությունները»:
Սաֆարյանի կարծիքով, ակնհայտ է, որ գործում է Մոսկվա-Անկարա-Բաքու եռանկյունին, որն իր մեջ է ներառելու Հայաստանը, քանի որ այն հնարավորություն չունի դուրս գալ Մոսկվա-Անկարա, Անկարա-Բաքու, Բաքու-Մոսկվա հարաբերությունների պրիզմայի շրջանակից: «Այդ եռանկյունին ձգտում է իր մեջ պահել Հարավային Կովկասն այն դեպքում, որ երեք երկրներն էլ վերջին շրջանում հակաարեւմտամետ են դարձել: Այդ համատեքստում քաղաքական խաղը դուրս է եկել Հայոց ցեղասպանության հարցի շրջանակից: Մենք պետք է հասկանանք, որ տեղի ունեցողը Ցեղասպանության խնդրի հետ առնչություն չունի: Առաջադրված նպատակներն ավելի լուրջ են. Արեւմուտքին դուրս մղել տարածաշրջանից, որտեղ հավասարաչափ ազդեցություն են ունենալու Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը:
Հայաստանը պարզապես չպետք է մասնակցի այդ խաղերին, քանի որ անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կունենա: Նախ Հայաստանը պետք է հրաժարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որեւէ միջնորդությունից՝ թույլ չտալով, որպեսզի Հայոց ցեղասպանությունն առեւտրի առարկա դառնա: Հայաստանը պետք է մերժի ռուս-թուրքական նախաձեռնությունը: Մենք չպետք է ոգեւորվենք հայ-թուրքական սահմանի բացմամբ, քանի որ դրա համար ստիպված կլինենք բարձր գին վճարել»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:




























