Իրանի ամբողջ տարածքում հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայված ավելի քան 3,8 հազար կետերում, որոնցից շատերը գտնվում են դժվարամատչելի շրջաններում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի համակարգողի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամադ Սադեղիանը, հայտնել է Mehr-ը։
Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության հիմնական խնդիրները ներառում են օդային թիրախների հայտնաբերումը, հետախուզումը, որսումը և խոցումը։ Համակարգը կարող է հայտնաբերել թռչող սարքերը ոչ միայն Իրանի օդային տարածքում, այլև դրա սահմաններից դուրս, որից հետո կատարվում է դրանց նույնականացում, և անհրաժեշտության դեպքում որոշում է ընդունվում որսման վերաբերյալ։
Թիրախների ոչնչացման համար կարող են կիրառվել կործանիչներ, հրթիռներ և հակաօդային պաշտպանության այլ միջոցներ։ Գլխավոր խնդիրը, նշել է Սադեղիանը, թշնամու ինքնաթիռին հանձնարարված առաքելություն կատարել թույլ չտալն է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այն ոչնչացնելը։
Գեներալն ընդգծել է, որ հակաօդային պաշտպանությունն աշխատում է ոչ միայն ռազմական հակամարտությունների ժամանակ։ Այն համակարգում է մարդատար ինքնաթիռների, ուղղաթիռների և այլ օդանավերի տեղաշարժը, ներառյալ փրկարարական և հումանիտար գործողություններում ներգրավված տեխնիկան։
Սադեղիանի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները տեղակայված են անապատներում, ծովափին, կղզիներում և բարձրլեռնային շրջաններում։ Դիտարկման համակարգերը, օպտիկաէլեկտրոնային սարքավորումները, ռադարները և այլ ժամանակակից միջոցները հնարավորություն են տալիս շուրջօրյա վերահսկել Իրանի օդային տարածքը և հարակից շրջանները։





























