Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քիր Սթարմերը որոշել է վայր դնել Համայնքների պալատի պատգամավորի լիազորությունները, հայտնել է The Guardian-ը։

Նրա հեռանալուց հետո Լոնդոնի հյուսիսում գտնվող Հոլբորն և Սենթ Պանկրաս ընտրատարածքում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Հուլիսի վերջին վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Սթարմերը հայտարարել էր, որ մտադիր է պատգամավոր մնալ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Սակայն, ինչպես գրել է պարբերականը, նա վերանայել է այդ որոշումը և այժմ պատրաստ է «էստաֆետը փոխանցել» իր իրավահաջորդին։

Սթարմերը հայտարարել է, որ Դաունինգ սթրիթից հեռանալուց հետո վերիմաստավորել է իր հետագա ծրագրերը և մտադիր է կենտրոնանալ միջազգային հարցերի վրա, ներառյալ պաշտպանությունը, անվտանգությունը, առևտուրը և տեխնոլոգիաները։

Բացի այդ, նա կշարունակի աշխատանքը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ. այս խնդրով Սթարմերը զբաղվում էր դեռևս մինչև խորհրդարան ընտրվելը։

Վերջին ընտրություններում Սթարմերը պահպանել է իր մանդատը Հոլբորնում և Սենթ Պանկրասում՝ 11 572 ձայնի առավելությամբ։ Ավելի վաղ մտահոգություններ կային, որ արտահերթ ընտրություններում լեյբորիստները կարող են զիջել այս ընտրատարածքը Կանաչների կուսակցությանը, սակայն վերջին շաբաթներին Լեյբորիստական կուսակցության դիրքերը համազգային հարցումներում բարելավվել են, մինչդեռ կանաչների աջակցությունը նվազել է։