Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վիկտոր Կապուստինը խոստովանել է, որ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում սատարելու է աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովին:

«Իլյումժինովը արդեն 15 տարի գլխավորում է ՖԻԴԵ-ն, եւ արդեն ժամանակն է ինչ-որ բան փոխել… Հենց այդ պատճառով մենք սատարում ենք Կարպովին` առաջնորդվելով բացառապես շախմատի շահերով: Այսօր անհրաժեշտ է մեծացնել շախմատի հանդեպ հետաքրքրվածությունը, որպեսզի այդ ինտելեկտուալ խաղը դառնա ժամանակակից եւ գրավիչ, իսկ դա իր հերթին կգրավի հովանավորների ուշադրությունը, ովքեր կցանկանան աջակցել այս մարզաձեւի զարգացմանը: Նման դիրքորոշում ունի նաեւ Կարպովը:

Իլյումժինովի օրոք Ուկրաինան ներկայացված չէր ՖԻԴԵ-ի ղեկավարության կազմում եւ չէր կարող մասնակցել որոշումների ընդունմանը: Մինչդեռ Անատոլի Կարպովը, բարձր գնահատելով Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի դերը, առաջարկել է ինձ` ֆեդերացիայի նախագահին, զբաղեցնել ՖԻԴԵ-ի փոխնախագահներից մեկի պաշտոնը», - Կապուստինի խոսքերն է մեջբերում  Шахова Украина-ն: