Վայոց Ձորի Եղեգիս գետի վրա կառուցված ՀԷԿ-ը, որը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավագ որդուն, չի պահպանում գետի հոսանքի 30%-ն իր հունով թողնելու օրենքով սահմանված չափանիշը՝ այսպիսով ցամաքեցնելով գյուղացիների հողատարածքները:

NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Եղեգիս գյուղի բնակիչները բողոքեցին, որ իրենք հողատարածքները ցամաքում են, քանի որ ստիպված են ջրել ցանքատարածությունները անմիջապես ՀԷԿ-ից դուրս եկող ջրով:

«Որ ՀԷԿ-ը կառուցում էին, իրենք պիտի գետի 30 տոկոսը թողնեին՝ իր հունով գնար, սակայն արդեն 7 տարի ամբողջ գետի ջուրն օգտագործում են իրենց համար: Ինչպես նաեւ ջուրը ՀԷԿ-ից դուրս գալուց հետո 7 կմ պետք է իր հունով գնա, այնուհետեւ մենք կարողանանք մեր հողամասերը ջրենք, սակայն հենց ՀԷԿ-ից ջուրը դուրս է գալիս, դրանով էլ ջրում ենք: Սաղ ծառերը չորացել են»,- ասաց գյուղացիներից մեկը:

Եղեգիսցիները բազմիցս դիմել են Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը, որի աշխատակիցները եկել են եւ համոզվել են, որ ՀԷԿ-ը խախտումով է գործում:

«Եկան, տեսան, որ իսկապես ջուրը չեն թողնում՝ իր հունով ընթանա. 1 վայրկյանում պետք է 40 լիտր ջուր բաց թողնեն գետ, սակայն էդպես չի: Էդ բնապահպաններն էլ, թե տուգանեցին, ինչ արեցին, մի երկու օր ջուրը սահմանված կարգով գնաց, հիմա նորից էլ ջուր չեն տալիս: Զանգում էլ ենք էդ վարչությանը, չեն պատասխանում, ասում են՝ ուզածդ ինչ ա, իսկ ես ուզում եմ, որ բնությունը չփչացնեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Եղեգիս գետի վրա այս պահին գործում է երկու ՀԷԿ, որոնք պատկանում են «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ին: Այս ընկերության բաժնետերերն են Արշավիր Սարգսյանը եւ Նարեկ Հովսեփյանը: Վերջինս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավագ որդին է: Գյուղացիները պատմեցին նաեւ, որ այդ երկու ՀԷԿ-երը միմյանց շատ մոտ են գտնվում:

Ի դեպ, Վայոց Ձորում գրեթե բոլոր գյուղերը խնդիր ունեն ՀԷԿ-երի հետ: Չկա գյուղ, որտեղ գործի որեւէ ՀԷԿ ու այնտեղ բնակիչները ոռոգման ջրի խնդիր չունենան:

Թե քանի ՀԷԿ է գործում Վայոց Ձորում, վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ խախտում է արձանագրվել, NEWS.am-ը հարցում է ուղարկել բնապահպանության նախարարությանը: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: