Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Ֆրանսիայի թեմական խորհուրդը Թեմի առաջնորդի ընտրության նոր գործընթաց է սկսել: Այս մասին տեղեկացնում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:

2014 թվականի հունիսի 7-ին կայացած նիստի ժամանակ Թեմական խորհուրդն ընդունել է նոր ցուցակը, որում երեք թեկնածու է ընդգրկված: Ավելի ուշ այն հաստատվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ֆրանսիայի թեմի առաջնորդի թեկնածուներն են. Բենիլյուքսի երկրներում արեւմտաեվրոպական առաջնորդական փոխանորդ Զատիկ Ավետիքյանը, ՀԱԵ Բրիտանական եւ Իռլանդական թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանը, Ալպերում, Վարում եւ Մոնակոյում ՀԱԵ ծխական քահանա Գրիգոր Խաչատրյանը:

ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի ընտրությունները կայանալու են 2014 թվականի նոյեմբերի 1-ին, Փարիզում, Եպիսկոպոսաց պատվիրակությունների վեհաժողովի արտահերթ հավաքի ժամանակ: Մինչ այդ, թեկնածուների հետ հանդիպումներ են կազմակերպվելու: