Հուլիսի 8-ին Բելգրադում «Հարավային հոսքի» պայմանագիր է ստորագրվել՝ Սերբիայի տարածքում «Հարավային հոսքի» շինարարության վերաբերյալ, փոխանցում է «Գազպրոմի» կայքը:

«Հարավային հոսք Սերբիա» ՍՊԸ-ի եւ  «Ցենտրգազ» ընկերությունների միջեւ փաստաթուղթն ստորագրելու արարողությունը տեղի է ունեցել  «Սերբիագազ» ազգային գազային ընկերության գրասենյակում: Մամուլը պայամանագիրը գնահատում է 2,1 միլիարդ եվրո:
Նշվում է, որ «Ցենտրգազը» կզբաղվի նախագծմամբ, սարքավորումների եւ նյութերի մատակարարմամբ, շինմոնտաժային աշխատանքներով, անձնակազմի  ուսուցմամբ եւ Սերբիայում «Հարավային հոսքի» շահագործմամբ: Ըստ պայմանագրի՝ նախատեսվում է, որ առանձին աշխատանքների իրականացման համար ներգրավվելու են Սերբիայի այլ ընկերություններ, ասվում է «Գազպրոմի» մամուլի հաղորդագրությունում:

Գազատարի սերբական հատվածով առաջին գազը կմատակարարվի մինչեւ  2016 թ. վերջը: