Լոնդոնի ֆուտբոլային «Չելսի» ակումբը նոր մրցաշրջանում հանդես կգա առանց իր երկու առանցքային կիսապաշտպանների` Ջո Քոուլի ու Միքայել Բալաքի:

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, ակումբն այդպես էլ չի կարողացել ընդհանուր համաձայնության գալ ֆուտբոլիստների հետ՝ նոր պայմանագրերի վերաբերյալ, եւ երկուսն էլ գործող պայմանագրերի ավարտից հետո` այս տարվա հունիսի վերջին, ազատ ֆուտբոլիստների կարգավիճակներով կհեռանանա «Սթենֆորդ Բրիջից»:

29-ամյա Քոուլով հետաքրքրված են մի շարք անգլիական թոփ-ակումբներ, սակայն Ջոն շատ հավանական է, որ հայտնվի Լոնդոնի «Տոտենհեմում», որը պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական մեծ ախորժակը:

Ինչ վերաբերում է Միքայել Բալաքին, ապա նրան իր կազմում տեսնելու ցանկություն է հայտնել Գելզենկիրխենի «Շալկեն»: Սակայն, ամենայն հավանականությամբ դա տեղի չի ունենա, քանի որ Բալաքի վրա աչք է դրել Մադրիդի «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն:

The Daily Mail-ը տեղեկացնում է, որ Բալաքի տեղափոխությամբ անձամբ զբաղվելու է «արքայական ակումբի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Նրա կարծիքով, Բալաքը եւ անգլիական «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը (ում Մոուրինիոն նույնպես ցանկանում է գնել) անհավանական ուժ կկազմեն դաշտի միջին հատվածում, տեղեկացնում է tribalfootball-ը: