Անգլիա – ԱՄՆ` 1:1

Աշխարհի գավաթ-2010, C խումբ, 1-ին տուր. Անգլիա – ԱՄՆ

12 հունիսի, Ռուստենբուրգ. Ռոյալ Բաֆոկեն ստադիոն

Մրցավար` Կարլուշ Սիմոն – Բրազիլիա

Ջերարդ, 4 (1:0), Դեմփսի, 40 (1:1)

Արագ գոլերի օր աշխարհի առաջնությունում եւ ամենաարագն արարեց Անգլիայի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը: Ընդամենը 4-րդ րոպեին Ջերարդը ներխուժեց տուգանային հրապարակ եւ մոտ տասը մետրից գրավեց Հովարդի դարպասը:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 40-րդ րոպեին` անգլիացիները պետք է շատ արագ մոռանան, այլապես հետագայում ոչինչ չի ստացվի: Քլինթ Դեմփսիի մոտ 20 մետրից կատարած հարվածից հետո Անգլիայի նորեկ դարպասապահ Ռոբերտ Գրինն անսպասելի բաց թողեց գնդակը ձեռքից եւ «Ջաբուլանին» հանգիստ գլորվելով հայտնվեց Անգլիայի հավաքականի դարպասում: Ֆաբիո Կապելոն եւ Դեւիդ Բեքհեմն այդ պահին դժբախտ տեսք ունեին:

Շատ թույլ խաղաց Անգլիայի հավաքականի հարձակման առաջատար Ուեյն Ռունին, որը վերջում որոշակի ակտիվություն դրսեւորեց, սակայն ոչինչով աչքի չընկավ:

Անգլիան ու ԱՄՆ-ը նախկինում ընդամենը մեկ պաշտոնական հանդիպում էին անցկացրել. 1950թ. Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության պատմական հանդիպումը, որն ավարտվել է ամերիկացիների 1:0 հաղթանակով: Դրանից հետո Անգլիան ամերիկացիներին հաղթել է 6:3, 8:1, 10:0 եւ 5:0 հաշիվներով, սակայն դրանք բոլորը եղել են ընկերական խաղերում: Ութ ոչ պաշտոնական հանդիպումներում Անգլիան հաղթել է 7, պարտվել մեկ անգամ:

Մինչ այսօր ոչ-ոքի այս թիմերի միջեւ չէր գրանցվել: