Աշխարհի առաջնության առաջին տուրը Դ խմբում մեկնարկեց Սերբիա – Գանա հանդիպումով: Գանայի հավաքականը մարզում է սերբ մասնագետ Միլովան Ռաեւացը, որը գերազանց գիտի սերբական ֆուտբոլի բոլոր նրբությունները եւ փորձեց այդ առավելությունն օգտագործել Ռադոմիր Անտիչի գլխավորած Սերբիայի հավաքականի դեմ:

 - Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը

Սակայն չպարտվելու մեծ ցանկությունը դարձավ գերլարված եւ ոչ այնքան դիտարժան պայքարի պատճառը: Առաջին խաղակեսում թիմերը ոչ մի հարված դարպասին չկատարեցին: Երկու կողմերն էլ աչքի ընկան բարձր արագությամբ, բայց ճշգրիտ փոխանցումների բացակայությունը գոլի հնարավորություն չտվեց:

Ընդմիջումից հետո պատկերը մի փոքր փոխվեց: Գանան սկսեց ավելի հնարամիտ գործել: Ասամոա Գյանը իրական հնարավորություն ուներ բացել հաշիվը, բայց տեղում էր դարպասապահ Ստոյկովիչը:

74-րդ րոպեին տասը ֆուտբոլիստներով մնաց Սերբիայի հավաքականը: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Ալեքսանդր Լուկովիչը: Դրանից հետո սերբերը զարմանալիորեն ակտիվացան, մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին:

79-րդ րոպեին Միլոշ Կրասիչը տուգանային հրապարակում ուղիղ 11 մետրանոցի կետի վրա ստանալով գնդակը հարվածեց, բայց դարպասապահ Ռիչարդ Քինգստոնը հետ մղեց:

Իսկ արդեն հաջորդ գրոհում Գանայի հավաքականը վաստակեց 11 մետրանոցի իրավունք: Տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Կուզմանովիչը, եւ Ասամոա Գյանը չվրիպեց` 1:0: Գանան Դ խմբի առաջատարն է: