Վարդան Պետրոսյանի կողմնակիցները պահանջում են դերասանի մասնակցությամբ վթարի գործով նոր, անկախ փորձաքննություն նշանակել, ինչը կհաստատի, որ ավտովթարը եղել է փողոցի բանուկ մասում, եւ ոչ թե կողնակում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասանի կողմնակիցներից Ալինա Նիկողոսյանը, որը մի խումբ քաղաքացիների հետ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ ստորագրահավաք է սկսել նման պահանջով։
«Նախաքննական փուլում անցկացրած առաջին փորձաքննության ժամանակ եղել են բաներ, որ բաց են թողել։ Իրականում ապացուցվում է, որ վթարը տեղի է ունեցել փողոցի բանուկ մասում, բայց գրված է կողնակում, դրա համար անհրաժեշտ է նոր փորձաքննություն»,-նշեց Ալինա Նիկողոսյանը։
Ստորագրահավաքի կազմակերպիչներից Գայանե Հովհաննիսյանը կարծում է, որ եթե նշանակվի նոր փորձաքննություն եւ ապացուցվի, որ վթարը եղել է փողոցի բանուկ մասում, ապա Վարդան Պետրոսյանի անմեղությունը անհերքելի կլինի։ Կազմակերպիչները դեռ չգիտեն, թե որքան կտեւի ստորագրահավաքը։ «Ստորագրությունները հավաքելու ենք ու տալու փաստաբանին, որ դրանք ներկայացնի դատարան. նա կտա դատարանին հասարակության անունից»,-տեղեկացրեց Ալինա Նիկողոսյանը։ Քաղաքացիները մեկ ժամվա ընթացքում հավաքել էին մոտ հարյուր ստորագրություն, նրանց խոսքով՝ բոլորը ցանկանում են ազատության մեջ տեսնել դերասանին եւ հավատում են նրա անմեղությանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։






























