Մերգելյան ինստիտուտում, օգոստոսի 9-ին, ժամը 13:00-ին, տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը: Առաջնությանն այս պահին մասնակցում է 20 թիմ, որոնք մրցում են նախապես հայտարարված 8 անվանակարգերում:  Առաջնությանը գրանցումը դեռեւս բաց է, բոլոր ցանկացողները կարող են գրանցել իրենց խաղերը մինչեւ հոկտեմբերի 12-ը՝ հետեւյալ հղմամբ: Վաղօրոք գրանցվողները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպել մրցույթի ժյուրիի անդամների հետ եւ ստանալ խորհուրդներ խաղերի հետագա զարգացման վերաբերյալ:

Մինչ այժմ գրանցված թիմերին եւ նրանց ներկայացրած խաղերին կարելի է ծանոթանալ այստեղ: 

Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 3,000,000 ՀՀ դրամ է: Առաջնության մասնակիցները նաեւ հնարավորություն ունեն անվճար մասնակցելու «Բաց Խաղ»-ի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին, վարպետության դասերին եւ ԻՏՁՄ միջոցառումներին:

Մրցութային 2-րդ փուլին կարող են ներկա գտնվել ոլորտով հետաքրքված բոլոր ցանկացողները:

Առաջնությունն արդեն չորրորդ անգամ ներկայացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) եւ «Orange Արմենիա» ընկերությունը, որը նախագծի գլխավոր գործընկերն է: Առաջնության գլխավոր հովանավորն է «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, դուրս գալ միջազգային շուկա, մոտիվացնել երիտասարդների հետագա ներգրավումը ՏՏ ոլորտ: