Այսօր՝ օգոստոսի 8-ին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ «Լույս» հիմնադրամի կողմից մեկնարկել է «Chevening» կրթաթոշակների եւ «Լույս»-ի համատեղ ծրագիրը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը եւ «Chеvening» ծրագրի պատասխանատու Նաիրա Սուլթանյանը իրենց ելույթներում ընդգծեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ «Լույս» հիմնադիրամի միջեւ համագործակցության կարեւորությունը:

Քեթրին Լիչի խոսքով՝ «Լույս» հիմնադրամը եւ «Chеvening» ծրագիրը միեւնույն նպատակն են հետապնդում՝ աջակցել լավագույն ուսանողներին Մեծ Բրիտանիայի առաջավոր համալսարաններում կրություն ստանալու հարցում, որոնք պետք է վերադառնան հայրենիք եւ ստացված հարուստ գիտելիքներով իրենց ավանդն ունենան սեփական երկրի զարգացման գործում:

«Այս տարի մենք նշում ենք ծրագրի 30-ամյակը, եւ այդ ընթացքում կարողացել ենք նպաստել 30 լավագույն ուսանողներին Մեծ Բրիտանիայի ամենաառաջավոր համալսարաններում կրթություն ստանալու գործում», - ընդգծել է բրիտանացի դեսպանը: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը, իր հերթին, ընդգծել է, որ գիտելիքահենք տնտեսությունը պահանջում սովորելու, գործելու եւ հատկապես խթանելու հմտություններ»: Դեսպան Քեթրին Լիչը եւ Ժակլին Կարաասլանյանը հանդիսավոր կերպով ստորագրեցին «Chеvening» եւ «Լույս» կրթաթոշակների» ծրագրի մասին հուշագիրը: