Օգոստոսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում` Առնո Բաբաջանյան համերգասրահում, տեղի ունեցավ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի մենահամերգը՝ գեղարվեստական ղեկավար Միքայել Ավետիսյանի խմբավարությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը եւ ափսոսանքը, որ հանգամանքների բերումով մայրաքաղաքում չէ եւ չի կարող մասնակցել «Կոմիտաս» երգչախմբի առաջին մենահամերգին Երեւանում: Նախարարի տեղակալն իր խոսքում մասնավորապես ասաց. «Քալիֆորնիայի Հայ Երիտասարդաց Միության «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2004թ.` Սփյուռքում հայ մշակույթն ու հայ լեզուն պահպանելու նպատակով: 48 անդամ ունեցող երգչախումբն ամեն տարի հոկտեմբերին համերգային ծրագրով ելույթ է ունենում մշակույթի ամսվան նվիրված միջոցառմանը: Համերգներ է ունեցել Քալիֆորնիայի Ֆրեզնո եւ Սան Ֆրանցիսկո քաղաքներում, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների եւ պարգեւատրվել մրցանակներով ու պատվոգրերով:
Հայապահպանության գործում ունեցած մեծ ներդրումի եւ ազգանպաստ մեծածավալ աշխատանքներ կատարելու համար ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով երգչախումբը պարգեւատրվում է նախարարության բարձրագույն պարգեւով՝ ոսկե մեդալով:
Հաճույքով կատարում եմ ՀՀ սփյուռքի նախարարի հանձնարարականը, որն ունի իր շարունակությունը:
Երգչախմբի ստեղծման դժվարին գործում ունեցած մեծ ավանդի ու մեծն Կոմիտասի արվեստի անխոնջ քարոզչության համար ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով նախարարը պարգեւատրում է երգչախմբի սյուներից մեկին՝ պարոն Վարանդ Հովնանյանին»:
Համերգին ներկա էր եւ ոգեւորությամբ ելույթներին էր հետեւում նաեւ մեծ բարերար Վահագն Հովնանյանը կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ:
«Կոմիտաս» երգչախումբը, որի երգացանկում ընդգրկված են Կոմիտասի, Սայաթ Նովայի, Մ. Եկմալյանի, Բ. Կանաչյանի, Խ. Ավետիսյանի ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, ելույթ ունեցավ լեփ-լեցուն դահլիճում, արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին ու բարձր գնահատանքին:





























