ԴիջիՔամփ 2014 ձեռներեցության ամառային 2-րդ ճամբարն այս տարի կկայանա օգոստոսի 10-20-ը, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք հյուրատանը։ Միջոցառումն, որի գլխավոր գործընկերն է Beeline-ը, նպատակ ունի համախմբել նորարարություններով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող եւ կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը եւ սեփական բիզնեսի ստեղծումը:
ԴիջիՔամփի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ բիզնես ոլորտի առաջնորդների հետ, բացահայտել առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները եւ մասնակցել ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին: Ճամբարի մասնակիցները կստանան տեսական եւ կիրառական գիտելիքներ հարկային օրենսդրության, բիզնես մոդելավորման, շուկայագիտության, ֆինանսների ներգրավման, նոր ընկերությունների գրանցման, նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացման, ինչպես նաեւ թիմային աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:
«Երիտասարդները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, քանի Beeline-ի հիմնական նպատակն է օգնել տաղանդավոր մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը։ Մենք մշտապես ստեղծում ենք հնարավորություններ տաղանդավոր երիտասարդների համար եւ խրախուսում հատկապես նրանց, ովքեր իրենց սեփական ուժերով հասնում եմ հաջողության: Առավել քան համոզված եմ, որ այս տարի նույնպես երիտասարդները մեզ կզարմացնեն իրենց նորարական գաղափարներով, իսկ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն կընձեռեն նրանց նվաճել նոր բարձունքներ նաեւ ապագայում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ճամբարի նպատակն իրենց բիզնես գաղափարներով առանձնացող եւ այդ գաղափարներն իրագործելու խիզախություն ունեցող երիտասարդների համախմբումն է: Այստեղ ստեղծված միջավայրն ոչ միայն նպաստում է մասնակիցների հավատնի ամրապնդմանն այդ գաղափարների իրագործման նկատմամբ, այլեւ փոխադարձ շփումների արդյունքում նրանք հնարավորություն են ստանում գործընկեր դառնալ նման մտածողության տեր այլ երիտասարդների հետ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ճամբարում հաղթող թիմերը կարժանանան դրամական պարգեւների, ինչպես նաեւ կստանան հնարավորություն մասնակցել հոկտեմբերի 3-5-ը կայանալիք ԴիջիԹեք Էքսպո 2014 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:
Ճամբարի մասնակիցները նաեւ կայցելեն «ԱրմեՏել» ծանոթանալու ընկերության աշխատանքներին եւ լսելու Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի դասախոսությունը:
Նշենք, որ ճամբարին մասնակցում են նաեւ ԻՏՁՄ ԱրմՌոբոտիկս եւ Բաց Խաղ նախագծերի լավագույն մասնակիցները։
ԴիջիՔամփ ձեռներեցության ամառային ճամբարի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետեւելով այս հղմանը ՝digicamp.digitec.am.





























