Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 7-ին վիրավորված 19-ամյա Վիկտոր Աբրաամովի վիճակը կայուն է, նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Զինվորի վիճակը բավարարին մոտ է, ստացել էր ստորին վերջույթի հրազենային վիրավորում: Վիրահատել ենք արդեն եւ տեղափոխել հիվանդասենյակ: Կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով ԼՂՀ ՊԲ-ին, հայտնել էր, որ օգոստոսի 7-ին տեղի էր ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ: Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:





























