2014 թվականի առաջին կիսամյակում ամենատարածված անուններն էին Նարեն ու Դավիթը. հենց այս անուններն էին շատերը ընտրել՝ այս վեց ամիսների ընթացքում ծնված իրենց երեխաների համար: Այս մասին օգոստոսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նարեից հետո ամենամեծ ժողովրդականություն վայելող աղջիկների անուններն էին Միլենան, Մարին, Մանեն եւ Անահիտը: Ինչ վերաբերվում է տղաների անուններին, առաջին հնգյակում էին հայտնվել նաեւ Նարեկը, Գոռը, Ալեքսը եւ Հայկը:

Ինչպես նշել է Կարինե Կույումջյանը, այս տարի կա նաեւ վիճակագրություն նորածինների ազգանունների մասին: Պարզվում է, 2013 թվականանին ծնված աղջիկներից 565-ի ազգանունը Հարությունյան էր, իսկ տղաներից 631-ը կրում էին Սարգսյան ազգանունը:

Սարգսյան ազգանունը նորածին աղջիկների շրջանում էլ էր բավական տարածված՝ 537 աղջիկ այդ ազգանունն ունի, սակայն Հովհաննիսյան ազգանունը մի փոքր ավելի էր տարածված՝ այն կրում է 539 նորածին աղջիկ:

628 նորածին տղա Հովհաննիսյան ազգանունն ունի, 627-ն էլ՝ Հարությունյան: