Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչելու մասին Քալիֆորնիա նահանգի Սենատի ընդունած բանաձեւը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նման նոր բանաձեւով ամրապնդվում է Ղարաբաղի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Քալիֆորնիայի Սենատը միաձայն, ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձեւը: Ինչպես հայտարարել Քեւին դե Լեոնը, Լեռնային Ղարաբաղի բնակիչները արժանի են ունենալ ազատ եւ անկախ հայրենիք՝ զերծ հետապնդումների մշտական սպառնալիքներից:  Ոչ մի էթնիկ խումբ իրավունք չունի ղեկավարել մյուսին:

Ղարաբաղի անկախությունը ավելի վաղ ճանաչել են ամերիկյան եւս 4 նահանգ՝ Լուիզիանա, Մեն, Մասաչուսեթս եւ Ռոդ Այլենդ նահանգները: