ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օգոստոսի 27-ի որոշումը կարեւորագույն հանգրվան է թե’ Հայաստանի Հանրապետության եւ թե’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այս որոշումը եւս մեկ խթան է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործում:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի սենատի որոշումը եւ իր երախտագիտությունն է հայտնում այդ բանաձեւի հեղինակներին եւ կողմ քվեարկած սենատորներին:

Մենք լիահույս ենք, որ Քալիֆորնիայի կոնգրեսի այս որոշումը վարակիչ կլինի նաեւ ԱՄՆ մյուս նահանգների համար եւ ի վերջո` ԱՄՆ նախագահը եւ Կոնգրեսը եւս կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու կսատարեն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Եվս մեկ անգամ հայտնելով մեր երախտագիտությունը, վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդումն ու առաջընթացն ապացույց է միջազգային հանրությանը, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»: