ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը` Չելսի Քլինթոնը, հեռանում է NBC հեռուստաընկերության թղթակցի պաշտոնից, քանի որ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել առաջնեկի դաստիարակությանը, որը լույս աշխարհ է գալու  այս տարվա աշնանը: Աս մասին ուրբաթ օրը նա հայտնել է լրագրողներին:

Քլինթոնը նաեւ նշել է, որ «NBC-ում աշխատանքը պատիվ էր իր համար», սակայն այժմ մտադիր է ավելի շատ ժամանակ տրամադրել իր հոր հիմնադրած ոչ կառավարական Clinton Foundation կազմակերպության հետ համագործակցությանը: Այն մասնագիտացած է առողջապահության եւ տնտեսության բնագավառներում միջազգային աջակցության վրա:
NBC-ում Քլինթոնն աշխատել է 2011թ.-ից: Նա, մասնավորապես, պատրաստել է ակնարկներ եւ  ռեպորտաժներ հասարակական թեմաներով:  Ըստ մամուլի` ԱՄՆ նախկին նախագահի դուստրը ստացել է  տարեկան 600 հազար դոլար աշխատավարձ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քլինթոնը պնդում է, որ NBC-ի հետ որոշել էր համագործակցել միայն այն պատճառով, որ շատ էր սիրում այդ ընկերության հեռարձակած որոշ ծրագրեր:  Քլինթոնի մասնակցությամբ վեջին հաղորդումը հեռարձակվել է օգոստոսի սկզբին: