Ադրբեջանում Zaminbank բանկի ղեկավարությունը իր մշտական հաճախորդին նվիրել է ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված աշխարհի ամենաթանկ բանկային քարտը: Քարտի արժեքը գնահատվում է 250 հազար դոլար: Ինչպես հաղորդում է Visa.com-ը, եզակի բանկային քարտը պատրաստված է 750 հարգի ոսկուց եւ 137 ադամանդներից, ինչպես նաեւ տարբեր կիսաթանկարժեք քարերից:
Սա ոսկերչական արվեստի գլուխգործոց դարձած աշխարհի առաջին թանկարժեք քարտն է: Նման կերպ բանկը ցանկացել է իր երախտագիտությունն ու հարգանքը հայտնել VIP հաճախորդին, ում անունը խիստ գաղտնի է պահվում: ZaminBanka-ի պնդմամբ՝ քարտը մեկ օրինակով է թողարկված եւ հագեցած է վճարային գործողություններ իրականացնելու համար EMV չիպով: Քարտի օգնությամբ միջոցներ կանխիկացնելը հնարավոր չէ, ուստի վերջինիս հետ տրամադրվել է սովորական Visa Infinite վճարային քարտը, փոխանցում է Haqqin.az-ը:
Չհաստատված տվյալներով՝ քարտի սեփականատերը ադրբեջանական ծագմամբ ԱՊՀ երկրներից մեկի խոշորագույն մեծահարուստներից մեկն է:





























